Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել ողբերգական դեպք։
Ժամը 11:20-ի սահմաններում բանտի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։ Դեպքի վայր է անմիջապես ժամանել ոստիկանության ծառայողների խումբ, որոնք կազմում են անհրաժեշտ փաստաթղթերը։ Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ներկայում բանտի ծառայողները սպասում են քննիչների, քննչական կոմիտեի փորձաքրեագետի և դատական բժշկի ժամանմանը։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ իրավիճակը հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ և դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։
Նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ հրապարակման չեն ենթարկվում։ Ըստ Գ․ Շամշյանի տեղեկությունների՝ մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է։