Այսօր ես ցանկանում եմ ներկայացնել մեր նախընտրական ծրագրի մի քանի առանցքային սկզբունքները և մեր տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ՝ որպես բաց և բովանդակալից երկխոսության հրավեր մեր միջազգային գործընկերներին և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին։
Մեր մոտեցումը հիմնված է մի քանի հիմնարար սկզբունքների վրա։
1. Քաղաքական գործընթացների ինքնուրույնությունը
Մենք հստակորեն հասկանում ենք, որ առաջիկա քաղաքական գործընթացները և ընտրությունները չեն կարող դառնալ աշխարհաքաղաքական ընտրություն ուժային կենտրոնների միջև։ Սա պետք է լինի մեր ժողովրդի կողմից ընտրված ծրագրերի, գաղափարների և պետության զարգացման մոտեցումների մրցակցություն, որը կատարվում է սահմանադրական և ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում։ Մեր երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական դիմակայության հարթակի։
2. Կայունության հիմքը՝ սահմանադրականությունը
Մենք համոզված ենք, որ ներքին բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն բացառապես սահմանադրական ընթացակարգերի միջոցով։ Քաղաքական գործընթացների լեգիտիմության և կանխատեսելիության ամրապնդումը, մեր կարծիքով, պետության կայունության և հասարակական վստահության հիմքն է։
3. Արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցում
Մոտ ժամանակներում մենք կներկայացնենք մեր արտաքին քաղաքականության հայեցակարգը, որը հստակորեն կցույց տա, թե ինչպես է Հայաստանը վերականգնելու հավասարակշռությունը, հուսալիությունը և կայունությունը գործընկերների հետ հարաբերություններում։
Մեր արտաքին քաղաքականության ռազմավարության հիմքում դրված է ռազմավարական և կանխատեսելի հավասարակշռության վերականգնման սկզբունքը։ Մենք կառուցելու ենք գործընկերային հարաբերություններ միջազգային բոլոր հիմնական դերակատարների հետ՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության, Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև մեր հարևան պետությունների հետ։ Սա մեր համար միջազգային հարաբերություններում վստահելիության և կանխատեսելիության ամրապնդման համակարգային ռազմավարություն է։
4. Հայաստանը՝ ներդրումների և զարգացման կենտրոն
Մենք տեսնում ենք Հայաստանը որպես ներդրումների, ենթակառուցվածքային նախագծերի և նոր հնարավորությունների համար բաց երկիր։ Մենք ունենք մեծ ներուժ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցների և հաղորդակցության ուղիների զարգացման մեջ, ինչը կարող է ուժեղացնել մեր երկրի դերը՝ որպես տնտեսական տարածքները կապող օղակի։
Այնուհետև անհրաժեշտ է զարգացնել տեխնոլոգիական տնտեսությունը, աջակցել նորարարություններին, թվային ենթակառուցվածքների և նոր ոլորտների զարգացմանը։ Ներդրումները, ենթակառուցվածքային նախագծերը և տեխնոլոգիական զարգացումը ոչ միայն տնտեսական աճ են ապահովում, այլև երկարաժամկետ կայունության և տարածաշրջանային ազդեցության հիմք են։
5. Սփյուռքի ներուժի օգտագործումը
Մենք համոզված ենք, որ Հայաստանը կարող է բնական կամուրջ դառնալ տարբեր երկրների և տարածաշրջանների միջև՝ հայ ժողովրդի գլոբալ ներկայությունն օգտագործելով որպես ռազմավարական խորության գործիք։
Մենք ծրագրում ենք Սփյուռքի ներգրավումը տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային նախագծերում, ինչը կամրապնդի Հայաստանի կայունությունը և դերը միջազգային ասպարեզում։ Մեր խնդիրն է ստեղծել ամբողջ աշխարհում ապրող հայերի համագործակցության ժամանակակից ցանցային համակարգ։
Մեր թիմում այսօր համախմբված են մասնագետներ, որոնք ունեն պետական կառավարման և միջազգային համագործակցության փորձ, պրոֆեսիոնալներ, որոնք կարող են հավասարակշռված որոշումներ ընդունել երկրի զարգացման և ժողովրդի շահերի պաշտպանության համար։
Մեր նպատակը կայուն, անվտանգ և զարգացող Հայաստան կառուցելն է։ Պետություն, որն ամրապնդում է իր ինստիտուտները, որի արտաքին քաղաքականությունը վերականգնում է ռազմավարական հավասարակշռությունը և լիարժեքորեն բացահայտում իր ժողովրդի ներուժը։