ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրության նոր տեքստի եւ Անկախության հռչակագրին դրա մեջ հնարավոր հղումների հարցին։
Նախարարը հստակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Սահմանադրության նոր տեքստից կհանվի Անկախության հռչակագրին վերաբերող հղումը։ Նրա խոսքով՝ այդ հարցը դեռ չի քննարկվել կառավարության կողմից։ «Մենք էլ ունենք մեր մոտեցումները, եւ դրանք կքննարկվեն խորհրդում։ Պարզ կլինի»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ներկայացված տեքստում ներածությունը դեռ չի եղել, իսկ Անկախության հռչակագրին հղումը պետք է լինի ներածության մեջ։
Սրբուհի Գալյանը բացատրել է, որ աշխատանքային փաստաթղթերը տարբեր ձեւաչափեր են ունենում, եւ նպատակը թույլ չտալ, որ ստեղծվի տպավորություն, թե ինչ-որ բան թաքցնում են։ Նա վստահեցրել է, որ Սահմանադրության տեքստը, այդ թվում՝ նրա ներածությունը, կլինի հրապարակային։
Նախարարը նաեւ նշել է, որ քննարկումները դեռ ընթանում են ՔՊ վարչությունում եւ խորհրդարանական խմբակցությունում։ Թեեւ տեքստը պատրաստ է, դրա հրապարակման ժամկետները կլինեն ավելի ուշ։
Սրբուհի Գալյանը ընդգծել է, որ կառավարության ներուժը միտված է մի քանի առաջնահերթությունների սպասարկմանը՝ «քաղաքականությանը» եւ «խաղաղության օրակարգին»։ Նրա խոսքով՝ վարչապետը, որպես կառավարության ղեկավար, իրավական կարգավորումների համատեքստում եւ առաջնորդի դերում, մշտապես քննարկում է այս հարցերը կառավարության հետ։
Ավելի ուշ, հարցին՝ արդյոք հնարավոր է ջնջել Անկախության հռչակագրին հղումը, նախարարը պատասխանել է՝ «Այն ջնջել հնարավո՞ր է։»։ Նա նշել է, որ Անկախության հռչակագիրը պատմական փաստ է, որի մեջ դրված են հիմնարար սկզբունքներ, որոնք արտացոլված են Սահմանադրության մեջ եւ ուղղված են ապագային։ Նրա կարծիքով՝ պետությունը պետք է ապահովի պետության եւ պետականության շարունակականությունը եւ խաղաղ ապագան։