Չարենցավանի դատարանում լարված իրավիճակ է ստեղծվել

Այսօր՝ ապրիլի 1-ին, Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ծեծկռտուք է բռնկվել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև։

Ինչպես տեղեկացվել է, դատական նիստի ընթացքում տեղի ունեցած վեճը վերածվել է իսկական մարտի, որի հետևանքով կոտրվել է դատարանի գույքը։ Ծեծկռտուքի ընթացքում վնասվածքներ են ստացել նաև դատական կարգադրիչներից մի քանիսը։

Այս պահին դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ, որոնք ձեռնարկել են միջոցներ՝ իրավիճակը կայունացնելու և լարվածությունը նվազեցնելու համար։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ դրսում, դատարանի շենքի մոտ, հավաքվել էին նաև քաղաքացիներ, որոնցից ոմանք զինված էին դանակներով։ Շնորհիվ իրավապահների և կարգադրիչների արագ և համակարգված գործողությունների՝ հնարավոր է եղել կանխել ծանր հետևանքների ծագումը։