Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահի համար ձեռք է բերվել 1685 թվականին Վենետիկում տպագրված հազվագյուտ Ավետարան։ Այս արվեստական արժեք ունեցող հուշանվերը, որը բարձր պատմական և մշակութային նշանակություն ունի, ձեռք է բերվել պետական արարողակարգի ծառայության կողմից։
Պայմանագրի տեխնիկական բնութագրիչների համաձայն՝ Ավետարանը բաղկացած է 450 երկսյուն էջից, որոնք տպագրված են հին հայկական տառատեսակով՝ գրաբարով։ Այն ունի փորագրազարդ տիտղոսաթերթ և ներառում է չորս Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի թղթերը։
Ավետարանի կազմը պատրաստված է մուգ կաշվից և զարդարված է արծաթյա դեկորատիվ ձևավորմամբ։ Կենտրոնում տեղադրված է արծաթյա բարձրաքանդակ կոմպոզիցիա, որի վրա պատկերված է ճառագայթող փառքի ֆոնի վրա Հիսուս Քրիստոսը։ Կազմի անկյուններում տեղադրված են արծաթյա քանդակազարդ տարրեր՝ հրեշտակային պատկերներով, որոնք հավասարակշռում են ընդհանուր կոմպոզիցիան։ Կազմը համալրված է կաշվե փականներով, որոնք պահպանել են իրենց կառուցվածքը։
Գնումը կատարվել է «Մարիամ Հունանյան» անհատ ձեռնարկատիրոջից՝ 2 միլիոն 926.000 դրամով։ Այս հուշանվերը, անշուշտ, կդառնա Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների պատմության կարևորագույն էջերից մեկը։