Այսօր՝ մարտի 11-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետ կապված որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Առավոտյան ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ստացել է զանգահարություն, որի համաձայն Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Ծովինար» ջրամբարում մի քաղաքացի հավանաբար ջրահեղձ է եղել։
Դեպքի վայրին անմիջապես ժամանել են Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Գևորգ Սեդրակյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի ղեկավարությամբ։ Որոնողական աշխատանքներին միացել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողները։
Շուրջ երկու ժամ շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում մարմինը հայտնաբերելու հաջողություն չի եղել։ Ավելի ուշ որոնողական խմբին միացել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանից ժամանած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանը։ Ջրասուզակը նույնպես մոտ երկու ժամ շարունակել է որոնողական աշխատանքները, սակայն դին գտնելու հնարավորություն չի եղել։
Այս պահին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են և վերսկսվելու են վաղ առավոտյան։
Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նրա գլխարկը։