Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 25-ին Կոնգրեսում հանդես եկած իր ամենամյա ուղերձի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի վրա։ Նա առաջին անգամ հրապարակայնացրեց, որ մտահոգ է նաև Իրանի հրթիռային ներուժի հնարավորություններով։
Նախագահը հայտարարել է, որ իր հակվածությունն Իրանի հետ խնդիրները կարգավորել դիվանագիտական ճանապարհով է, սակայն նաև սահմանել է «կարմիր գիծ»՝ պահանջելով, որ Իրանը երբեք միջուկային զենքի տիրապետություն չունենա։ Թեև Թեհրանը բանակցությունների պատրաստակամություն է հայտնել, Թրամփը նշել է, որ իրանական կողմը դեռևս չի հավաստիացրել, որ «երբեք միջուկային զենք չի ունենա»։
ԱՄՆ նախագահը նաև բացահայտել է, որ Իրանը հնարավորություն ունի հրթիռակոծել ոչ միայն տարածաշրջանում ամերիկյան ռազմահենակայանները, այլև Եվրոպան, և մտադիր է ստեղծել հրթիռ, որը «կհասնի Ամերիկա»։ Այս դիտարկումը պարզեցնում է բանակցությունների հիմնական թեմաները, որոնք ներառում են ոչ միայն միջուկային զենքի, այլև հրթիռային զորության հարցերը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք կշարունակվեն փետրվարի 26-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ, իբրև Իրանին ներկայացվելու են «վերջնագիր»։ Իրանի փոխարտգործնախարար Աբդոլահ Ռավանչին նախօրեին հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունը բանակցությունների սենյակ է մտնելու «ամենայն անկեղծությամբ և բարի կամքով»՝ հույս ունենալով, որ նույն տրամադրվածությունը կունենա նաև ամերիկյան կողմը։